Posted in Մայրենի

Թումանյանական խառնաշփոթ

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։


Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։  — Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

— Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,

— Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *